ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Բլոգ

Արդյո՞ք ճիշտ է անձնագիրը փոխանակելիս փոփոխել նաև սերիան և համարը

11.02.2013

01.06.2012թ. ուժի մեջ է մտել «Քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրամադրելու, փոխանակելու, անվավեր ճանաչելու, վերցնելու հիմքերը և դրանց հետ կապված այլ իրավահարաբերությունների կարգավորման հիմունքները: Խոսքը կենսաչափական տվյալներով անձնագրի մասին է:
 

Սակայն այն քաղաքացիները, ովքեր չեն ցանկանում ստանալ կենսաչափական տվյալներով անձնագիր, կարող են դիմել և ստանալ նախկին անձնագրի պես անձնագիր:

ՀՀ Կառավարության` «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» 1998թ. որոշման համաձայն` «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի 1-ին էջի վերևի մասում հայերեն և անգլերեն, գլխատառերով տպագրվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառակապակցությունը, իսկ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերից փոքր-ինչ ներքև` հայերեն և անգլերեն, գլխատառերով` «ԱՆՁՆԱԳԻՐ» բառը: Նույն էջի ներքևի մասում, կենտրոնում նշվում են անձնագրի սերիան և համարը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերը պատրաստվում են սերիաներով` յուրաքանչյուրը 500.000 (հինգ հարյուր հազար) տպաքանակով: Սերիաները նշագրվում են լատինական գլխատառերով (AA, AB, AC, AE և այլն): «A» տառը դրվում է բոլոր սերիաների սկզբում: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերի համարակալումն սկսվում է 0200001 և ավարտվում է 0700000 թվանշաններով բացառությամբ AF սերիայի անձնագրերի, որոնց համարակալումն սկսվում է 0200001 և ավարտվում 0800000 թվանշաններով և AM սերիայի անձնագրերի, որոնց համարակալումն սկսվում է 0200001 և ավարտվում 0950000 թվանշաններով:»:

Վերոնշյալ որոշումը կարգավորում է  նաև անձնագրի փոխանակման հետ կապված հարցերը: Մասնավորապես` անձնագրի փոխանակման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին ներկայացնում է փոխանակման ենթակա անձնագիրը, սահմանված ձևի դիմում և երկու լուսանկար:

Անձնագրում որևէ տեղեկություն փոխելու կամ գրառումներում անճշտություններ հայտնաբերելու պատճառով այն փոխանակելիս Հայաստանի Հանրապետության քաղաքացին ներկայացնում է նաև փոփոխությունները կամ անճշտությունները հաստատող փաստաթղթեր:

Որոշման մեջ որևէ նշում չկա անձնագիրը փոխանակելիս անձնագրի սերիան և համարակալումը փոփոխելու մասին:

Սակայն պրակտիկայում անձի անձնագիրը փոխելիս փոփոխվում է նաև անձնագրի սերիան և համարը, սակայն, իմ կարծիքով, նշվածը հիմնավորված չէ:

Մասնավորապես` անձնագրի սերիան և համարը ամրագրվում են բազմաթիվ փաստաթղթերում, իսկ հետագայում դրանց փոփոխվելը առնվազն կարող է շփոթության տեղիք տալ կամ առաջացնել լրացուցիչ գործողություններ կատարելու անհրաժեշտություն:

Խնդիրը նաև այն է, որ անձնագրի սերիայի և համարի փոփոխման դեպքում անձը հարկադրված է փոխել նաև սոցիալական քարտը կամ հանրային ծառայության համարանիշը:

Կարծում եմ` կարիք չկա անձի անձնագիրը փոխանակելիս, հատկապես երբ խոսքը մաշվածության պատճառով փոխարինելու մասին է, փոփոխել նաև անձնագրի սերիան և համարը: Արդյունքում անձը զերծ կմնա ավելորդ քաշքշուքներից և նոր փաստաթուղթ ստանալու համար հարկադրված չի լինի անցնել անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *