ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Բլոգ

«Բազային տու՞րք», թե՞ «նվազագույն աշխատավարձ»

04.03.2013

Օրենսդրության մեջ գործածվող հասկացությունների միասնականացման և օրենքների տեքստերի հստակեցման հարցերը տարբեր պատճառաբանություններով մշտապես հետաձգվում են, և պարզ չէ, թե երբ վերջապես կձեռնարկվեն անհրաժեշտ քայլերը:
 

Այս անգամ խոսենք օրենսդրական տեխնիկայի կանոններին հակասող իրավիճակներից մեկի մասին: Խոսքը միևնույն հասկացությունը տարբեր օրենքներում տարբեր ձևակերպումներով ամրագրելու մասին է:

Գիտենք, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում միևնույն հասկացությունը սահմանելիս կամ միևնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ: Այս նորմը վերաբերելի է նաև տարբեր իրավական ակտերում միևնույն հասկացությունը նույն իմաստով գործածելիս:

Իսկ ինչպիսի՞ն է այս նորմի կիրառումն իրականում. համեմատենք «Պետական տուրքի մասին» օրենքը և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը:

«Պետական տուրքի մասին» օրենքում պետական տուրքի չափը սահմանելիս օգտագործվում է «բազային տուրք» հասկացությունը: Իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում այս կամ այն իրավախախտման համար տուգանքի չափը սահմանելիս գործածվում է «սահմանված նվազագույն աշխատավարձ» հասկացությունը, նույնը վերաբերում է նաև Քրեական օրենսգրքին և այլ օրենքներին:

Ճիշտ է, «նվազագույն աշխատավարձ» հասկացությունն օրենքով սահմանված չէ, սակայն անվանումն արդեն իսկ հուշում է, որ խոսքը այն նվազագույն վճարի մասին է, որից ցածր չի թույլատվում վարձատրել աշխատողին:

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության օրենսգրքերի, օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների, նախարարությունների և գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, առանձին իրավաբանական անձանց ակտերի իմաստով որպես հաշվարկային հիմք չի կարող ընդունվել սույն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը (Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանված է 35 000 դրամ):

Նշված ակտերում որպես հաշվարկային հիմք պահպանվում է գործող 1000 դրամը»:

Ինչպես նկատեցինք, այս օրենքը ևս հստակ չի սահմանում մեզ անհրաժեշտ հասկացությունը: Սակայն այս առումով համեմատաբար ճիշտ մոտեցում է ամրագրված «Պետական տուրքի մասին» օրենքում, որտեղ, ինչպես նշեցինք, ամրագրված է «բազային տուրք» հասկացությունը:

Քննարկվող իրավիճակը ոչ միայն իրավական ակտերի ձևակերպման լեզուն և համակարգը առավել գրագետ դարձնելն է. այն ունի նաև մեծ գործնական նշանակություն: Խնդիրն այն է, որ օրենսդրության նրբություններին չտիրապետող քաղաքացիները երբեմն մոլորեցվում են իշխանական լիազորություներ ունեցող անձանց կողմից, քանի որ այս կամ այն իրավախախտման համար սահմանված տուգանքը 1000 դրամով հաշվարկելու փոխարեն մատնանշվում է 35 000 դրամը: Այս ամենը պարունակում է նաև կոռուպցիոն ռիսկեր, քանի որ որքան էլ փոքր լինի օրենքով սահմանված տուգանքի չափը, 35 000 դրամով բազմապատկելու դեպքում բավականին պատկառելի գումար կկազմի, ուստի քաղաքացին տուգանքից խուսափելու համար կարող է դիմել նաև կոռուպցիոն միջոցների:

Որպեսզի իրավաբանի մասնագիտություն չունեցող անձի համար ևս մատչելի լինի օրենքը, անհրաժեշտ է, որպեսզի տարբեր օրենքների համար ընդհանուր հասկացությունները սահմանվեն հստակ և ոչ շփոթեցուցիչ ձևով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *