ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Բլոգ

Որքա՞ն ժամանակ է անձին անհրաժեշտ զղջալու համար

23.05.2013

Ամեն անգամ, երբ անցյալը կորցնում է իր իշխանությունը, մարդու մոտ առաջանում է հարց՝ ո՞վ եմ ես:

Գրեթե բոլորն իրենց կյանքում կատարում կամ չեն կատարում արարք, որի համար հետագայում զղջում են, ուստի անհրաժեշտություն է առաջանում ազատվել անցյալի իշխանությունից՝ «նոր անձի» ձևավորման համար:

Այս իրականությունը հաշվի է առել նաև օրենսդիրը և հնարավորություն ընձեռել անձին ուղղելու իր գործած հանցավոր արարքները, ամրագրելով, որ կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին:

Հայտնի է, որ գործող ՀՀ Քրեական օրենսգրքի համաձայն՝  կաշառք տալը հանցագործություն է:

Պաշտոնատար անձին կաշառք տալը, այսինքն՝ պաշտոնատար անձին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը՝ իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Կաշառք տալը, որը կատարվել է խոշոր չափերով՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Իսկ կաշառք տալը, որը կատարվել է՝

1) առանձնապես խոշոր չափերով,

2) կազմակերպված խմբի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Սույն հանցագործությունն առավել դժվար է բացահայտել, քանի որ հանցագործության բոլոր մասնակիցները՝  և´ կաշաք տվողը, և´ կաշառք ստացողը հետապնդում են  շահեր, որի արդյունքում հաճախ չի լինում որևէ անձ, ով շահագրգռված կլինի, որպեսզի բացահայտվի հանցագործությունը:

Հաշվի առնելով նաև վերջինս՝ օրենսդիրը փորձել է շահագրգռել կողմերից մեկին, ինչպես նշվեց կաշառք տվողին՝ ամրագրելով, որ կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում, կամ եթե այդ անձը կաշառք տալու մասին ոչ ուշ, քան 3 օր հետո կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին:

Նշված դրույթը ստեղծում է վախի մթնոլորտ  և  թուլացնում է մասնակիցների միջև հոգեբանական կապը, քանի որ մասնակիցներից մեկին՝ կաշաք տվողին, տրվում է պայմանական ասված հզոր մի «խաղաթուղթ», որով նա կարող է դուրս գալ «խաղից»՝ թողնելով իր գործընկերոջը՝ կաշառք ստացողին,  «խաղի» մեջ:

Ակնհայտ է դառնում, որ եթե նման խաղաթուղթ ունենա ոչ միայն կաշառք տվողը, այլ նաև կաշառք ստացողը, ինչպես նաև կաշառքի միջնորդը, ապա վախի գործոնը կրկնակի կշատանա, որով էլ կրկնակի կավելանա կոռուպցիոն հանցագործության բացահայտման հնարավորությունը:

Բացի այդ, նման տեղեկության իրավապահ մարմինները կսպասեն ոչ թե մեկ անձից, այլ՝ երեք:

Կարծում եմ այն առավել ձևով կխարխլի մասնակիցների միջև փոխվստահությունը, ինչը կրկնակի կդժվարեցնի  հանցավոր մտադրության իրականացնելուն դիմելու հնարավորությունը:

Հայտնի է նաև, որ կաշառքի միջնորդությունը ևս հանցագործություն է:

Այն կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն կամ արդեն կայացրած համաձայնության իրականացմանը նպաստելն է:

Ուստի առաջարկում եմ կաշառքի միջնորդի համար ևս սահմանել նշված խրախուսական նորմը, համաձայն որի՝ կաշառքի միջնորդը կազատվի քրեական պատասխանատվությունից, եթե հանցագործությունը (կաշառքի միջնորդությունը) ավարտելուց հետո (որքան ժամանակ հետո կանդրադառնանք ստորև) կամավոր հայտնում է իրավապահ մարմիններին:

Ամենի արդյունքում հանգամանքները կթելադրեն այնպես, որ կաշառքի միջնորդին պետք է բավականաչափ վստահի ինչպես կաշառք տվողը, այնպես էլ կաշառք ստացողը, մինչդեռ այդպես ոչ միշտ է պատահում:

Առաջարկվող դրույթը կունենա նաև կանխարգելիչ բնույթ, քանզի որոշ չափով կդժվարանա հանցագործությանը դիմելու գործընթացը և որոշ չափով կհեշտանա նշված հանցագործության բացահայտումը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք նման խրախուսական նորմ անհրաժեշտ է սահմանել կաշառք ստացողի համար, ապա ի տարբերություն  կաշառքի միջնորդի, այն առավել վիճելի է միանշանակ ասել, քանի որ կաշառք տրվում է պաշտոնատար անձին, իսկ վերջինիս կողմից նման արարքի կատարումը կարող է դիտվել ոչ հանդուրժելի, թեև մի կողմից էլ կարող էր նպաստել հանցագործության բացահայտմանը, ինչպես նաև հնարավորություն ընձեռեր պաշտոնատար անձին ուղղելու իր կողմից գործած ոչ օրինական արարքները:

Անդրադառնանք այն հարցին՝ արդյո՞ք երեք օրը բավական է անձին զղջալու, նման որոշում կայացնելու և իրավապահ մարմիններին դիմելու համար:

Սույն հարցադրմանը պատասխանելու համար պետք է պարզել, թե ի՞նչ դրդապատճառից ելնելով է անձը դիմում նման քայլի:

Կաշառք տալու մասին կամավոր իրավապահ մարմիններին հայտնելը կարող է ունենալ տարբեր դրդապատճառներ՝ քրեական պատժից վախը, կաշառք ստացողի նկատմամբ վիեժխնդրությունը, իրավապահ մարմիններին «հաճոյանալը», մեղքի զգացողությունը, զղջումը, ապօրինության նկատմամբ անհանդուրժողականությունը և այլ հանգամանքներ:

Արդեն իսկ կախված այն հանգամանքից, թե ո՞ր դրդապատճառից ելնելով է անձն իր կողմից գործած արարքի մասին հայտնում իրավապահ մարմիններին,  կարող ենք կատարել եզրահանգումներ:

Եթե գործ ունենք կաշառք ստացողի նկատմամբ վրեժխնդրության, իրավապահ մարմիններին «հաճոյանալու» դրդապատճառների հետ, ապա, որքան էլ սեղմ լինեն ժամկետները, այնուամենայնիվ բավական կլինի, քանի որ նման մտադրություն ունեցող անձիք, որպես կանոն, նախապես են ծրագրում իրենց քայլերը:

Երբ անձը քրեական պատժի նկատմամբ ունեցած վախից  ելնելով  է «կամովին ներկայանում», ապա նման որոշում կայացնելու համար իրեն անհրաժեշտ է որոշ ժամանակ, սակայն ոչ շատ երկար, քանի որ ժամանակի հոսելուն պես նվազում է վախի սուր զգացողությունը:

Այս առումով  անհրաժեշտ է սահմանափակել անձի ժամանակը, որպեսզի անձը որոշում կայացնի նշված հոգեվիճակից ելնելով, քանզի նա, գիտակցելով, որ մի քանի օր ժամանակ ունի խուսափելու համար քրեական պատասխանատվությունից, որոշումը կկայացնի հապճեպ, մինդեռ, եթե ժամանակը տրված լինի երկար, ապա անձը չի շտապի, որի հետևանքով կնվազի վախի զգացողությունը՝ տվյալ պարագայում դրդապատճառը, և անձը կցուցաբերի անգործություն:

Այս մասին  վկայում են նաև Դաոյի ուսմունքները:

Դաոյի հետևորդների ներկայացուցիչներից Իզի Սին Ցեն աքաղաղների մարտի համար մարզում էր Սուան կայսեր աքաղաղներին:

Երբ կայսրը հարցնում է մարզիչին, թե պատրա՞ստ է արդյոք աքաղաղը մարտի համար, մարզիչը պատասխանում է, որ պատրաստ չէ, քանի որ աքաղաղի մեջ կրակը շատ է և աքաղաղ մրցակցին տեսնելով կարող է անմիջապես հարձակվել:

Տաս օր հետո նույն հարցին մարզիչը կրկին պատասխանում է, որ աքաղաղը պատրաստ չէ, քանի որ դեռ չլսած մյուս աքաղաղի ձայնը նա բռնկվում է անբողջությամբ կրակով:

Քսան օր հետո մարզիչը կրկին պատասխանում է, որ աքաղաղը պատրաստ չէ, քանի որ հայացքը լի է լինում զայրույթով, երբ տեսնում է մրցակցին:

Տաս օր հետո մարզիչն ասում է, որ աքաղաղը գրեթե պատրաստ է մարտին, քանի որ մրցակցի ձայնը լսելուն պես նա մնում է անշարժ  և  անգամ չի թարթում աչքերը:

Իրականում մարդը նույնպես, երբ վախենում է, ապա ցուցաբերում է նույն վարքագիծը, որը ցուցաբերում էր  աքաղաղը սկզբնական շրջանում:

Վախը նույնպես, ինչպես զայրույթը դրդում է անձին խոսել, բորբոքվել, արտահայտել որևէ կերպ հույզերը, իսկ լռությունը նշան է վախի բացակայության, թեև հանդիպում է նաև հակառակը:

Ինչևէ այն դեպքում, երբ անձը չի լռում, կամովին ներկայանում  է  իրավապահ մարմիններին՝ ելնելով քրեական պատժի վախի դրդապատճառից, ապա նա, որպես կանոն, այդ քայլին կդիմի հանցանքի կատարումից 15 օրվա ընթացում, իհարկե, եթե ամեն ինչ անցել է իրեն սպասելիք բնականոն հունով, և ի հայտ չեն եկել նոր հանգամանքեր:

Այսպես, քանի դեռ վախն առկա է լինի աքաղաղ, թե մարդ նա «կխոսի», իսկ որքան նվազի՝ կլռի:

Այս տեսանկյունից անհրաժեշտ է շտապեցնել անձին՝ օրենքով ամրագրելով ժամկետի սահմանափակում, որպեսզի բաց չթողնվի  «վախի դրսևորումները»:

Իրավիճակն այլ է, եթե հիմնական դրդապատճառը  հանդիսանում է զղջալը:

Ելնելով օրենքի տրամաբանությանից՝ հենց զղջալը պետք է ընկած լինի տվյալ գործողության հիմքում:

Զղջալու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում մեղքի զգացողությունը:

Հոգեբանության հիմնադրույթներից ելնելով՝ անձը, որպեսզի գիտակցի իր մեղքը, ինչպես նաև զղջա իր կատարած արարքի համար, պետք է անցնի որոշ հոգեկան փուլեր, գործընթացներ:

Վերջիններից հիմնականներն են՝ կատարված գործողության վերլուծությունը, եզրակացության հանգումը,  մեղքի զգացողության առաջացումը, մեղքի ընդունումը, զղջումը:

Յուրաքանչյուր փուլից մյուս փուլերին անցնելու համար անհրաժեշտ  է  որոշ ժամանակահատված, որից հետո միայն անձի մոտ կարող է  ձևավորվել  որոշակի վարքագիծ:

Արդեն իսկ կախված անձի հոգեկան հատկանիշներից` յուրաքանչյուր անձի մոտ տարբեր է լինում հիշատակված ժամանակահատվածը:

Չմոռանանք նաև այն մարդկանց, ովքեր այդ փուլերով կարող են ընդհանրապես չանցնեն, կամ էլ այն իրենց մոտ կարող է  տևել տարիներ:

Ընդհանրացնելով նշենք, որ այն միջին հաշվով կարող է տևել 3 օրվանից սկսած մինչև 5-10 օր:

Վերոնշյալ հոգեկան փուլերը բխում են Էրիկ Էրիքսոնի (Զ.Ֆրեյդի հետևորդ, հոգեբան)  տեսությունից:

Էրիքսոնի տեսության համաձայն՝ մեղքի զգացողությունն առաջանում է 3-րդ՝ լոկոմոտոր-գենիտալիական փուլում, որը ժամանակահատված է, երբ անձն ունենում է  մեղքի զգացողություն:

Էրիքսոնը նշում է, որ երեխաների մոտ այդ ժամանակահատվածն առաջանում է 3-6 տարեկան հասակում, երբ երեխան արդեն անցած է լինում իր կյանքի նախորդ՝ առաջին և երկրորդ փուլերը: Այսինքն՝ երբ արդեն գիտակցում  և  կարողանում է վերլուծել:

Էրիքսոնի տեսության վերլուծությունը ցույց է տալիս, որ մեղքի զգացողությունը կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ անձն իր կողմից  կատարած գործողությունը կարողանում է գիտակցել, վերլուծել:

Նշված փուլերով անցնում է նաև չափահաս անձը, երբ գործում է որևէ արարք, որի համար զղջում է:

Ուստի պարտադիր պայման է մեղքը գիտակցելու, զղջալու համար երկու կարևոր հոգեկան փուլերով անցնելը, որի համար կրկին անհրաժեշտ է ժամանակ:

Հոգեբանությունում առկա ադապտացիայի ընդհանուր տեսությունից նույնպես բխում է, որ յուրաքանչյուր հոգեկան փուլից մյուս փուլերին անցնելու համար անձին անհրաժեշտ  է  ժամանակ:

Քանի որ կաշառք տալը անձի հոգեկանի համար հանդիսանում է առավել հուզական, ոչ առօրյա (իհարկե ոչ միշտ) գործողություն, ուստի անձի մոտ նման հուզական  հոգեվիճակը կրկին տևում է մոտարվորապես  3-ից մինչև 5 օր:

Այնուհետև, երբ  հույզերը որոշ չափով ընկնում են այսպես ասած իրենց բնականոն ռիթմի մեջ, անձը կարողանում է առավել սթափ գնահատել իրավիճակը:

Ի.Պ.Պավլովը նշում է, որ հուզական հոգեվիճակից հետո միայն անձի մոտ կարող է ձևավորվել կարծրատիպի փոփոխություն:  Քննարկվող տեսանկյունից՝ կոռուպցիոն կարծրատիպից անցում  դեպի հակակոռուպցիոն կարծրատիպի:

Մյուս կողմից էլ ստացվում է, որ եթե նշված 5 օրից կրկին անցնի մոտավորապես 5 օր, այսինքն՝ ընդհանուր մոտ 10 օր, ապա անձը կարող է «ադապտացվել» իր կողմից կատարած արարքին և տվյալ դեպքում քիչ կդառնա հավանականությունը, որ նա կդիմի համապատասխան մարմիններին՝ ցուցաբերելու համար հակակոռուպցիոն վարքագիծ:

Հաշվի առնելով այն հանգամանքները, որ զգալի մաս են կազմում այն անձինք, ովքեր հավակնություն ունեն դիմելու այդ քայլին, սակայն դանդաղ են  անցնում  նշված փուլերով և որ նման մարդկանց պետք է  ներգրավել կոռուպցիայի դեմ պայքարում, քանզի իրենք զգալի մաս են կազմում՝ առաջարկում եմ, ՀՀ քրեական օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություններ. քննարկվող 3-օրյա ժամկետի փոխարեն ամրագրվել ժամկետ, որը կլինի ոչ շուտ, քան 5 օր և ոչ ուշ, քան 10 օր, առավել կոնկրետ 3-օրյա ժամկետը փոխարինել 7-օրյա ժամկետով:

Այս առումով հետաքրքիր լուծում էր տրվել սովետական քրեական իրավունքում, համաձայն որի՝ որպեսզի կամովին հայտնելը քրեական պատասխանատվությունից ազատվելու հիմք հանդիսանա, այն պետք է կատարվի նախքան քրեական գործի հարուցումը: Գործի հարուցումից հետո հայտնելը դատարանի կողմից կարող է դիտվել իբրև պատասխանատվությունը մեղմացնող, բայց ոչ վերացնող կամ բացառող հանգամանք:

Ուսումնասիրով արտասահմանյան երկրների փորձը՝ կարող ենք ասել, որ մի շարք երկրներում, այդ թվում ՌԴ, չկա նախատեսված ժամկետի սահմանափակում:

Իսպանիայում միայն քննարկվող գործողության համար նախատեսված է 10 օրյա ժամկետ:

Սույն նորմն իրավական հարթությունում ունի ևս մի շարք խնդիրներ:

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 312 հոդվածի 4-րդ կետի՝ կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում, կամ եթե այդ անձը կաշառք տալու մասին ոչ ուշ, քան 3 օր հետո  կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին:

ՀՀ քրեական օրենսգրքում ամրագրված ոչ ուշ, քան 3 օր հետո  բառերի կապակցությունը կարող է հասկացվել երկու տարբերակով. կամ «ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում», կամ էլ՝ «ոչ ուշ, քան երեք օր հետո և ոչ ուշ վերջինիցս»` չորրորդ  օրը:

Հայտնի է, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի համաձայն՝ իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ:

Վերջինիցս ելնելով` ստացվում է, որ եթե տառացի մեկնաբանենք ոչ ուշ, քան 3 օր հետո  ժամանակահատվածը, ապա դա կհամարվի որևէ անորոշ ժամանակաշրջան, քանի որ այն պետք է  երեք օրվանից հետո լինի և չպետք է երեք օրվանից ուշ լինի:

Այս մասով առաջարկում եմ օգտագործել «ընթացքում» եզրույթը՝ «x օրվա ընթացքում»:

Եվս մեկ կարևոր դիտարկում հիշատակված նորմի կապակցությամբ:

ՀՀ քրեական օրենսգրքի 312 հոդվածի 4-րդ կետում ոչ միայն հստակ, այլ ընդհանրապես նշված չէ՝ ո՞ր օրվանից է հաշվարկվում «ոչ ուշ , քան 3 օր հետո» -ն:

Այս հատվածը բաց է մնացել, իսկ անալոգիայով հնարավոր չէ կարգավորել, քանի որ խոսքը քրեական օրենքի մասին, իսկ մեզ հայտնի է, որ համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի՝  Քրեական օրենքն անալոգիայով կիրառելն արգելվում է:

Այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար ամրագրված խրախուսական նորմը հակառակ արդյունքի կարող է հանգեցնել, մասնավորապես` կոռուպցիոն ռիսկերի, քանի  որ  նշված բացը թողնված է օրենքը կիրառողի վրա:

Այս մասով  առաջարկում եմ նախ սահմանել ժամանակահատված, իսկ վերջինս սկսել հաշվարկել հանցանքն ավարտված համարելու պահից:

Ամփոփելով վերոգրյալը` առաջարկում եմ քննարկվող խրախուսական նորմը սահմանել նաև կաշառքի միջնորդի համար, ինչպես նաև  ՀՀ Քրեական օրենսգրքի 312 հոդվածի 4-րդ մասը՝ «կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում, կամ եթե այդ անձը կաշառք տալու մասին ոչ ուշ, քան 3 օր հետո կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին» ձևակերպել հետևյալ բովանդակությամբ.

«Կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում, կամ եթե այդ անձը կաշառք տալու մասին կաշառք տալուց հետո 7 օրվա ընթացքում կամավոր հայտնում է իրավապահ մարմիններին»:

Չմոռանանք նաև, որ նշված խնդիրներն առկա են նաև ՀՀ քրեական օրենսգիքի 3121 հոդվածի 4-րդ մասում,  312.2 հոդվածի 4-րդ մասում, 200 հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությունում, որոնք գտնում եմ ևս պետք է փոփոխվեն:

Որպես վերջաբան՝ հոգեբանական և իրավական դաշտից մի փոքր անցում կատարենք էզոտերիկ հարթություն:

Յուրաքանչյուր ոք, որպեսզի ձերբազատվի իր «բացասական» վարքագծից՝ տվյալ դեպքում կոռուպցիոն վարքագծից, պետք է դուրս հանի իրենից:

Դուրս հանելու լավագույն եղանակն է  արտահայտելը՝ խոստովանելը,  տվյալ դեպքում արտահայտելու լավագույն տարբերակներից է հանդիսանում իրավապահ մարմիններին հայտնելը:

Դրա համար է, որ մի շարք երկրներում, համաձայն կրոնական ուղղությունների՝ մեղքը քավելու լավագույն միջոցն  արտահայտելն է՝  խոստովանությունը վանականներին:

Խոստովանությունը վանականների միջոցով առավել ընդունված է կաթոլիկների շրջանում, իսկ Հայ Առաքելական եկեղեցու գաղափարների համաձայն՝ խոստովանում են անմիջապես Աստծոն և խոստովանության համար պարտադիր չեն «միջնորդներ»:

Հնդիկ իմաստուն Օշոն այս մասին նշում է, որ այն, ինչը դուրս է բերվում, չի զարգանում, այն, ինչ մնում է ներսում և պահվում է, մեծանում է:

Օրինակը բերվում  է  ծառի սերմի հետ համեմատելով: Ծառի սերմը, եթե պահենք հողի մեջ այն կմեծանա, եթե հանենք հողից այն չի զարգանա, եթե անձը պահի իրենում կոռուպցիոն վարքագիծը, այն  «կմեծանա» իր մեջ և իշխանություն կունենա իր հետագա վարքագծում:

Անգամ, եթե մարդն  անընդմեջ ասի, որ ինքը, օրինակ, ճշտապահ չէ, ապա նա ամեն անգամ ասելով (իրենից դուրս հանելով), կդառնա առավել ճշտապահ, քանզի չի պահի ներսում, ուստիև չի ապրի զարգացում իր մեջ առկա համապատասխան վարքագիծը:

Հաճախ հանցագործներին բավական է լինում ասել, որ «ես հանցագործ եմ», որպեսզի իրենք ազատվեն հանցավոր վարքագծից, քանզի ամեն անգամ ասելով՝ հետ են կանգնում այդ ճանապարհից՝ ձեռք  բերելով ոչ հանցավոր վարքագիծ:

Չէ՞ որ, ինչպես ամենասկզբում նշեցինք, միայն ազատվելով անցյալի իշխանությունից կարելի է մտածել նոր ես-ի վերաբերյալ:

Կարդացեք շարքի մյուս հոդվածները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *