ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Հաջողության պատմություններ

Տեղեկացի՛ր. ի՞նչ են կառուցում քո համայնքում

08.09.2013

Barepoxum ShinararutyunՔաղաքացիները բավարար տեղեկացված չեն շինարարական մեծ նախագծերի ժամկետների, բյուջեների վերաբերյալ: 2011 թվականին ուսումնասիրությունների արդյունքում այս եզրահանգմանն է եկել Գեղարքունիքի հակակոռուպցիոն կենտրոնը:

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանված է, որ հասարակության ներկայացուցիչները պետք է մասնակցեն քաղաքաշինական գործընթացին և դա ունի մի քանի նպատակ, օրինակ` հրապարակայնության ապահովվումը, իհարկե, բացի օրենքով սահմանված դեպքերի, ինչպես նաև քաղաքացիների, հասարակության, պետության շահերի փոխհամաձայնեցումը, և քաղաքաշինական ծրագրերի, նախագծերի լավագույն լուծումների ընտրությանը օժանդակելը»,- ասաց Գեղարքունիքի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Արփինե Բաղդոյանը:

Առաջնորդվելով օրենքով` Գեղարքունիքի հակակոռուպցիոն կենտրոնը պնդել է` քաղաքացիները պետք է ունենան հստակ ինֆորմացիա այն միջավայրում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ, որտեղ ապրում են:

Կենտրոնը խնդրի լուծման վերաբերյալ ընթացակարգային բարեփոխման նախագիծ է ուղղել վարչապետ Տիգրան Սարգսյանին:

«Մենք մասնավորապես առաջարկեցինք ստեղծել այնպիսի իրավական նորմ, համաձայն որի`շինարարություն իրականացող կազմակերպությունները կամ պատասխանատուները կպարտավորվեն շինարարական հրապարակում ակնառու և ակնբախ վայրում տեղադրել և մինչև շինարարության ավարտը պահպանել հատուկ տեղեկատվական վահանակ, որտեղ կներառվի հետևյալ ինֆորմացիան, մասնավորապես` քաղաքաշինական փոփոխության նպատակային նշանակությունը, ինֆորմացիա այն մասին, թե երբ է սկսվելու և ավարտվելու շինարարությունը և տեղեկատվություն պլանավորված բյուջեի մասին, այն պարագայում, երբ տվյալ շինարարությունն իրականացվում է պետական բյուջեի կամ համայնքային բյուջեի միջոցների հաշվին»,- հայտնեց Արփինե Բաղդոյանը:

Կենտրոնն առաջարկներն ավելի ուշ քննարկել է Քաղաքաշինության նախարարության աշխատակիցների հետ, ապա Քաղաքաշինության նախարարի հրամանով «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարման կարգը հաստատելու մասին» N 07- ն հրամանում ամրագրվել է.

«Մինչև շինարարություն սկսելը` հասարակությանն իրազեկելու նպատակով շինարարության համար հատկացված շինհրապարակի ցանկապատի (այդ թվում` ճանապարհաշինական աշխատանքների ուղեգծի) առավել տեսանելի տեղամասում տեղադրում է հատուկ վահանակ, որը պետք է պարունակի` պատվիրատու և կապալառու կազմակերպությունների տվյալների, ծրագրի անվանման ու նպատակային նշանակության, շինարարական աշխատանքների սկզբի և ավարտի ժամկետների, իսկ ՀՀ պետական բյուջեի (այդ թվում պետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային) միջոցների կամ դրանց ներգրավմամբ և համայնքային բյուջեի միջոցների հաշվին իրականացվող շինարարական աշխատանքների դեպքում նաև շինարարության նախահաշվային արժեքի մասին տեղեկատվություն` պահպանելով վահանակը մինչև ավարտված շինարարության փաստագրումը»:

Նորմի ամրագրմամբ` Գեղարքունիքի հակակոռուպցիոն կենտրոնը նվազեցրել է կոռուպցիոն ռիսկերն այդ ոլորտում, միայն թե օրենքը կյանքի կոչելու համար պատասխանատուները պետք է առավել հետևողական լինեն:

Աղբյուրը՝ aac.am