ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Մամլո հաղորդագրություններ

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի իրազեկման առաջին սեմինար

25.02.2014

26 փետրվարի, 2014թ. ք. Երևան
«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի իրազեկման առաջին սեմինար

2014 թվականի փետրվարի 26-ին ժամը 14.00-ին, Արարատ քաղաքում (հասցե՝ ք. Արարատ, Շահումյան 24 ա, հանդիպումների սրահ) տեղի կունենա «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի իրազեկման առաջին սեմինարը:
Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրականացման գործում: Ծրագրի շրջանակներում կհզորացվեն ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների մոնիթորինգի և վերահսկողության կարողությունները: Կկազմակերպեն հակակոռուպցիոն դասընթացներ ՀՀ մարզերում ՔՀԿ-ներին և ԶԼՄ-ներին կոռուպցիոն բնույթի և տեղեկատվության ազատության խնդիրները առավել լավ ըմբռնելու համար: Այս միջոցառումների նպատակը հակակոռուպցիոն գործողությունների իրականացման առկա հնարավորությունների խորացումն է: Հանրային վերահսկողության արդյունավետության բարձրացման և համապատասխան մոնիթորինգային, վերահսկողական և հետաքննական ծրագրերի իրականացման նպատակով կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ: Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդման համար ՔՀԿ-ների մասնակցությամբ կմշակվի ՔՀԿ-կառավարություն կայուն երկխոսություն:
Միջոցառման շրջանակներում ծրագրի ղեկավարը կներկայացնի «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը, դրա նպատակը և ուղղությունները:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգա «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ռեգիոնալ համակարգող/փորձագետ Տիգրան Մաթևոսյանը: Այդուհետև կհաջորդեն Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար, դոկտոր Դիրկ Լորենցի և «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանի ողջույնի խոսքերը:
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ՝ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից (իրականացնող)՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ (գործընկեր): Ծրագրի տևողությունը 3 տարի է (2014 թվականի հունվարից 2016 թվականի դեկտեմբեր): Ծրագրի բյուջեն կազմում է 650.000 եվրո:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (ՀԵԻԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ՀԵԻԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունը իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) գործում է ավելի քան 10 տարի: ԻԱԿ-ի առաքելությունն է նպաստել տեղեկատվության ազատության մասին օրենսդրության կիրառմանը, ՀՀ կառավարման համակարգի թափանցիկությանն ու հրապարակայնությանը և այդ համակարգում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովմանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել.

Ծրագրի հանրային կապերի համակարգող Նարինե Կարապետյանին, աշխատանքային օրերին, ժամը 9.00-18.00; հեռ. 540199; ֆաքս 580299; URL http://www.ayla.am:

Կատարող՝ Նարինե Կարապետյան, Էլ.փոստ` [email protected]: