ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Մամլո հաղորդագրություններ

Թվով 6 հարկային ծառայողներ ազատվել են հարկային ծառայությունից, իսկ թվով 1 հարկային ծառայողի նկատմամբ հայտարարվել է գրավոր նկատողություն և իջեցվել է զբաղեցրած պաշտոնից

17.01.2012

ք. Երևան

Ինչպես ավելի վաղ Ձեզ տեղեկացրել է ՇՊԱԿ-ների ազգային ցանցի հասարակայնության հետ կապերի բաժինը, 2011թ.-ի դեկտեմբերի 9-ին հակակոռուպցիոն միջազգային օրվա` դեկտեմբերի 9-ի առթիվ, ՇՊԱԿ-ների ազգային ցանցը սահմանել էր «Տարվա քաղաքացի» մրցանակը, որը տրամադրվեց այն քաղաքացուն, ով գիտակցել է իր իրավունքների պաշտպանության կարևորությունը, ցուցաբերել է սկզբունքային դիրքորոշում և գործելակերպ` իր խախտված իրավունքների վերականգնման համար և ՇՊԱԿ-ների ազգային ցանցի կազմի մեջ մտնող ՇՊԱԿ-ներից մեկի իրավական օգնության շնորհիվ 2011թ.-ին կարողացել է վերականգնել իր խախտված իրավունքները:

 «2011 թ.-ի Տարվա քաղաքացի» մրցանակը հանձնվեց Հրազդան քաղաքի բնակիչ, փոքրիկ խանութի սեփականատեր, ձեռնարկատեր Գագիկ Աթասյանին: Շահառուի իրավական խնդիրը կապված է եղել Հրազդանի տեղամասի հարկային տեսչության աշխատակիցների կողմից իր անձի նկատմամբ դրսևորված ոչ օրինական գործելակերպի հետ, երբ վերջիններս վարչական տույժ նշանակելու ոչ օրինական հիմքեր են ստեղծել, ինչի արդյունքում Հրազդանի տեղամասի աշխատակիցների կողմից կազմվել է ստուգման ակտ և շահառուի նկատմամբ նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով տույժ` հսկիչ դրամարկղային կտրոն չտրամադրելու մտածածին հիմքով:

Կոտայքի ՇՊԱԿ-ը և գործը վարող ծրագրի փաստաբանը շարունակելով գործի ընթացքը, պարզել են թե կոնկրետ ի՞նչ բնույթի պատասխանատվության են ենթարկվել օրինախախտումներ դրսևորած հարկային ծառայողները: Մասնավորապես, 2012թ.-ի հունվարի 16-ին, ի պատասխան փաստաբանի կողմից ՀՀ վարչապետին ուղղված գրությանը, ՀՀ Կառավարությանն պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի կողմից ստացվել է պատասխանը, համաձայն որի ծառայողական քննության արդյունքում ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի եզրակացությունը հիմք ընդունելով ՀՀ ԿԱ ՊԵ կոմիտեի նախագահի համապատասխան հրամանների համաձայն թվով 6 հարկային ծառայողներ ազատվել են հարկային ծառայությունից, իսկ թվով 1 հարկային ծառայողի նկատմամբ հայտարարվել է գրավոր նկատողություն, սակայն հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 261 հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը վերջինս իջեցվել է զբաղեցրած պաշտոնից:

Արդյունքում, շահառուի` կոռուպցիոն ռիսկերի նկատմամբ դրսևորած անհանդուրժողականության և սեփական իրավունքները պաշտպանելու համարձակության ու հետևողականության, ինչպես նաև պետական մարմինների կողմից ցուցաբերած օպերատիվ աշխատանքների շնորհիվ ոչ միայն հնարավոր եղավ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի գանգատարկման հանձնաժողովի որոշմամբ չեղյալ համարել վարչական տույժի համար հիմք հադիսացած ստուգման ակտը, այսինքն վերացվեց 150.000 ՀՀ դրամի տույժը, այլև օրինախախտումներ դրսևորած հարկային ծառայողները ենթարկվեցին պատասխանատվության:

Այս հաջողության պատմությունը կարող է մեծապես օգնել փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող քաղաքացիներին` իրենց իրավունքների պաշտպանության համար պայքարելու մինչև վերջ և հասնելու խախտված իրավունքների վերականգմանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել աշխատանքային օրերին, ժամը 9.00-18.00;

հեռ. 540199;

ֆաքս 580299;

URL http://www.ayla.am,

Էլ.փոստ` [email protected]: