ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Լուրեր

Դեկտեմբերի 9-ը` կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը Սյունիքի մարզում

10.12.2009

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը Սյունիքի մարզի ՇՊԱԿ-ը նշեց ծրագրային միջոցառումներով, մասնավորապես, հակակոռուպցիոն պայքարի մասին նյութերի տարածումով և պետական կառավարման մարմինների, դատաիրավական համակարգի, հասարակական կազմակերպությունների, մարզկենտրոնում գործող բոլոր լրատվամիջոցների, ինչպես նաև ՇՊԱԿ-ի հետ հուշագրերով ամրագրված գործընկերային փոխհարաբերությունների մեջ գտնվող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպված քննարկումով:Հանգամանալից ներկայացնելով կենտրոնի մեկամյա գործունեության ընթացքում գրանցված հաջողության պատմությունները, որոնք պարբերաբար լուսաբանվում են տեղական և հանրապետական լրատվամիջոցներով և շեշտելով, որ այդ հաջողությունները մեծապես պայմանավորված են բոլորի միասնական ջանքերով, Սյունիքի ՇՊԱԿ-ի տնօրեն Տիգրան Ստեփանյանը համագործակցոււթյան հրավեր հղեց քննարկման մասնակիցներին: Օրվա կապակցությամբ շնորհավորելով մասնակիցներին` Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը բարձր գնահատեց Սյունիքի ՇՊԱԿ-ի մեկ տարվա գործունեությունը և իր պատրաստակամությունը հայտնեց այսուհետ ևս աջակցել կենտրոնին ծագող խոչընդոտները հաղթահարելու խնդրում: Իսկ Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Կապանի մասնաճյուղի տնօրեն Արշավիր Խալափյանը, կոնկրետ օրինակ բերելով, կոռուպցիոն դրսևորումների հիմքում դիտարկում է հասարակության թերահավատությունը պայքարի հաջող ելքի հանդեպ:
Հաստատելով, որ բնակչությանը մատուցվող ծառայությունների վերաբերյալ կան բողոքներ, Սյունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Ֆ. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ամիսներ առաջ այդ կարգի մի գործ դրական հանգուցալուծում է ստացել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Ընդգծելով, որ դժվար է գերագնահատել նման կառույցի /ՇՊԱԿ-ի/ անհրաժեշտությունը մարզում, ՙՍյունյաց երկիր՚ թերթի գլխավոր խմբագիր Ս. Ալեքսանյանը հետաքրքիր հարցադրում կատարեց` հասարակությունը պատրաստ է, արդյո՞ք, մերժել կոռուպցիան: Ամփոփելով հանդիպումը` ՇՊԱԿ-ի տնօրեն Տիգրան Ստեփանյանը հավաստիացրեց, որ Կենտրոնը կշարունակի հակակոռուպցիոն պայքարը` հաշվի առնելով օրվա ընթացքում հնչած նկատառումները: