ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Լուրեր

Հակակոռուպցիոն միջազգային օրը Գեղարքունիքում

10.12.2009

Գեղարքունիքի ՇՊԱԿ-ը լայնածավալ գործունեություն է իրականացնում կոռուպցիայի երևույթի վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացման ուղղությամբ: Վերջինիս շրջանակներում 2009թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին մարզի բոլոր դպրոցների 9-11-րդ դասարանի աշակերտների շրջանում կազմակերպվեց և անցկացվեց շարադրությունների մրցույթ` «Կոռուպցիան իմ միջավայրում. ինչ կարող եմ անել ես» թեմայով: Աշակերտների ակտիվ մասնակցության արդյունքում 54 դպրոցներից ստացվեցին մոտ 400 շարադրություններ, որոնցից, տարբեր հանձնաժողովների կողմից ստուգվելուց հետո, ընտրվեցին 12 լավագույնները` յուրաքանչյուր դասարանից երեքական` զբաղեցնելով առաջին, երկրորդ և երրորդ մրցանակային տեղեր:Բացի մրցութային տեղերից, սահմանվել էին նաև երեք անվանակարգեր` «Լավագույն ստեղծագործական և վերլուծական շարադրություն», «Սեփական դերի կարևորում», «Ոճականորեն ամենաարտահայտիչ շարադրություն»:

Դեկտեմբերի 9-ին` ՄԱԿ-ի կողմից հռչակված միջազգային հակակոռուպցիոն օրվա կապակցությամբ ՇՊԱԿ-ում կազմակերպվեց միջոցառում, որի ընթացքում հաղթող մասնակիցներին շնորհվեցին պատվոգրեր ու մրցանակներ: Միջոցառմանը մասնակցում էին հաղթող աշակերտները, նրանց դպրոցների տնօրենները, միջոցառմանկազմակերպմանն աջակցող կառույցների ներկայացուցիչները, ԶԼՄ-ների ներկայացուցիչները:

Մրցանակային ֆոնդում իրենց ներդրումն էին ունեցել Վորլդ Վիժն կազմակերպության Գավառի տարածքային գրասենյակը, Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիրը: