ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Բլոգ

Պաշտոնատար անձանց` պատասխանատվությունից խուսափելուն նպաստող ժամկետներ

04.07.2012

Իրավունքների դատական պաշտպանության անարդյունավետությանը զուգահեռ ծառացել է ևս մեկ ոչ պակաս կարևոր համակարգային խնդիր` կապված երկու կարևոր կառույցների` Նոտարիատների և ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գործունեության հետ: Այս երկու մարմինների գործունեության հետ կապված խնդիրները միասին ներկայացնելը պայմանավորված է նրանց գործառութային կապով:Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն` անշարժ գույքի հետ կապված գործարքները ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավունքները` պետական գրանցման:

Խնդիրն այն է, որ նշված մարմինների աշխատակիցները հաճախ չարաշահում են իրենց դիրքը, իսկ իրենց իրավունքներին և օրենսդրությանը անտեղյակ մեր համաքաղաքացիները դառնում են նոտարների և կադաստրի աշխատակիցների անօրինական գործողությունների զոհը: Եվ մինչ քաղաքացին հասկանում է, որ ինքը պաշտոնեական դիրքի չարաշահման զոհ է դարձել, որ նոտարը կամ կադաստրի աշխատողը համապատասխան գործարքները գրանցելիս խախտել են իր իրավունքները, դիմում է մի շարք մարմիների կամ հենց նոտարին և կադաստրի պետական կոմիտե, անցնում է բավական ժամանակ: Իրավասու մարմինները, ձգձգելով խնդրի լուծումը կամ անձի իրավունքների պարզաբանումը, հաճախ դիտավորյալ նպատակ են հետապնդում խուսափելու պատասխանատվությունից, և այս հարցում նրանց օգնության են գալիս ՀՀ օրենսդրությամբ սահմանված վաղեմության ժամկետները: Արդյունքում նույնիսկ եթե նշված անձանց կատարած արարքում առկա են այս կամ այն հանցակազմի հատկանիշներ, նրանց հնարավոր չէ ենթարկել քրեական պատասխանատվության:
Խնդիր առաջացնում է ոչ թե վաղեմության ժամկետներ սահմանելը, այլ այն, որ նշված մարմինները իրենց գործողություններով ձգձգում են հարցի լուծումը, որպեսզի անցնեն վաղեմության ժամկետները:
Անհերքելի է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներ սահմանելն ունի հստակ հիմնավորում, այն է` որոշակի ժամանակ հետո հանցանքը և այն կատարած անձը կորցնում են իրենց հանրային վտանգավորությունը, որոշակի ժամկետից հետո պատիժն այլևս չի ծառայում իր նպատակին, նվազում է հանցանքը բացահայտելու հավանականությունը: Սակայն նկարագրված իրավիճակներում անձն իր գործողություններով է նպաստում վաղեմության ժամկետն անցնելուն, և խոսք չկա նրա կամ արարքի հանրային վտանգավորության նվազման կամ պատժի աննպատակահարմարության մասին:
ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե անձը խուսափում է քննությունից կամ դատից:»: Ըստ իս` վերոնշյալ իրավիճակները ևս քննությունից կամ դատից խուսափելու հատուկ ձևեր են:
Տարիներ վատնած քաղաքացին, դիմելով իրավաբանին, պարզում է, որ օրենքով սահմանված են իրավունքների պաշտպանության որոշակի ժամկետներ, և իր կրած նյութական, բարոյական վնասները և վիրավորանքը հնարավոր չէ վերականգնել:
Քրեական գործ հարուցելու արգելքը խոչընդոտում է նաև քաղաքացիական հայցով իրավունքների վերականգման համար անհրաժեշտ ապացույցների ձեռքբերմանը:
Նշեմ, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածում արդարացիորեն ամրագրված է այն մոտեցումը, որ գործարքի կնքման կամ կատարման ընթացքում կոռուպցիոն գործողության հետ կապված գործերի հայցային վաղեմությունը տասը տարի է: Կարծում եմ`ՀՀ քրեական օրենսգրքում ևս պետք է որդեգրվի կամ նմանատիպ մոտեցում կամ ամրագրվի վաղեմության ժամկետի կասեցման հատուկ կարգ:
Մասնավորապես` անհրաժեշտ է օրենսդրորեն ամրագրել հետևյալ մոտեցումը. վաղեմության ժամկետի ընթացքը կասեցված համարել քաղաքացու կողմից իր իրավունքների վերականգնման կամ պարզաբանման համար իրավասու պետական մարմին (օրինակ` նոտարին կամ կադաստր) դիմելու պահից` անկախ նրանից, թե տվյալ մարմինը որքան կհետաձգի հարցի լուծումը:
Կոչ եմ անում ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցներին և նոտարներին` առավել բարեխիղճ կատարել իրենց պարտականությունները, չմոռանալ, որ բացի օրենքով սահմանված պարտականություններից` իրենց մասնագիտական և աշխատանքային կոչումն է նպաստել հասարակության իրավագիտակցության բարձրացմանը և իրազեկմանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *