ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Բլոգ

Կենսաթոշակային «բարեփոխումներ»…

18.07.2012

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության նախկին օրենքի (2002թ.) 57-րդ հոդվածի համաձայն` «Չստացված կենսաթոշակի գումարները վճարվում են անցած ժամանակահատվածի համար, սակայն կենսաթոշակ վճարելու համար դիմելու ամսվան նախորդող երեք տարուց ոչ ավելի:»: Արդյունքում քաղաքացիները ողջամտորեն ակնկալել են, որ կարող են ստանալ առնվազն երեք տարվա չվճարված կենսաթոշակ:

 

Օրենքի այս ձևակերպումն էր հայտնի քաղաքացիների մեծ մասին, երբ նրանք մեկը մյուսի ետևից «իրազեկվեցին» չվճարված կենսաթոշակի վճարման նոր կարգի մասին…

 

2010 թվականին ընդունված «Պետական կենաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով սահմանվել է, որ «Կենսաթոշակը նաև վճարվում է կենսաթոշակառուի (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվողկենսաթոշակառուի դեպքում նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի) կողմից Հայաստանի Հանրապետությունում տրված և Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագրով, եթե այդ մասին գրավոր դիմումը և լիազորագիրը ներկայացվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Վերալիազորման կարգով տրված լիազորագրով կենսաթոշակ չի վճարվում:

 

 

Մեկ լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածի կենսաթոշակի գումար` սկսած կենսաթոշակ չվճարված ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:»:

 

Օրենսդրական նման կարգավորումը կարող է ունենալ օբյեկտիվ պատճառներ և հիմնավորում, սակայն խնդիրներ առաջացնում է «Պետական կենսաթոշակների մասին» 2010թ. Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2012թ. մարտի 19-ի ՀՀ օրենքը (ՀՕ-100):

 

Մասնավորապես` վերջինիս 23-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` «Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում, եւ կենսաթոշակը վճարելը վերսկսվում է օրենքով սահմանված կարգով կենսաթոշակառուի դիմելու դեպքում: Սույն մասով սահմանված դեպքում չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են դիմելու ամuվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենuաթոշակ uտանալու իրավունք է ունեցել (Հայաuտանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է եղել Հայաuտանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում):»:

 

Բացի այդ, նույն հոդվածի 6-րդ պարբերության համաձայն` Եթե Հայաստանի Հանրապետությունում բնակվող (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում Հայաuտանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում հաշվառված) Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար դիմում է ներկայացրել մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը եւ դիմումի հետ (կամ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը) ներկայացրել է այլ պետությունից կենսաթոշակ չստանալու մասին փաստաթուղթը, ապա չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու ամuվան նախորդող երեք տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենuաթոշակ uտանալու իրավունք է ունեցել:

 

Հիշատակված օրենքն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Առաջանում է հարց` արդյո՞ք քաղաքացիները այդ կարճ ժամկետում կարող էին տեղեկանալ այս օրենքի ընդունման մասին և մինչև օրենքի ուժի մեջ մտնելը դիմել համապատասխան մարմին` չստացած կենսաթոշակը ստանալու համար:

 

«Պետական կենաթոշակների մասին» ՀՀ օրենքում կատարված այս վերջին փոփոխությունն առնչվում է Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների իրավունքներին, իսկ վերջիններս պատշաճ չեն իրազեկվել վերջինիս ընդունման մասին:

 

Ուստի ըստ իս` անհրաժեշտ էր գոնե նախատեսել օրենքի ուժի մեջ մտնելու ավելի երկար ժամկետ, կազմակերպել քաղաքացիների իրազեկումը, իսկ վերը հիշատակված օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ պարբերությունն ընդհանրապես չամրագրել, քանի որ ըստ իս` այն հակասում է ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածին, ըստ որի`անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտեր հետադարձ ուժ չունեն:

 

Կարծում եմ` ստեղծված իրավիճակում իրավասու մարմինները պետք է ձեռնարկեն համապատասխան միջոցներ` ուղղված քաղաքացիների իրավունքների վերականգնմանը

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *