ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Բլոգ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՎԱՐՔԱԳԾԻ ՁԵՒԱՎՈՐՈՒՄ

20.09.2012

 

Մաս IV

 

Նվեր ստանում է նա, ով ինչ-որ բան ունի նվիրելու…

 

Բ. Բժեզինսկի

 

 

Անձի կոռուպցիոն վարքագծի դրսևորման պատճառներից կարող են հանդիսանալ նաև՝ անձի գիտակցության վրա ազդեցության միջոցների ներգործումը, որի ենթապատճառներից են`

 

ա. գիտակցության վրա ազդող ներգործության միջոցները

 

բ. ստերեոտիպ մտածելակերպը

 

գ. ապերցեպցիան

 

ա. Անձի վրա ներգործություն ունեցող ազդեցության միջոցները մարդուն հետապնդում են իր ողջ կյանքի ընթացքում: Ոչ ոք չի ապրում վերջիններիցս առանձնացված:

 

Մեզ շրջապատող մարդիկ, առարկաները, իրադրությունները, հանգամանքները, կամա թե ակամա, գիտակցված թե չգիտակցված ազդեցություն են ունենում մեզ վրա: Տարբեր մարդկանց մոտ արտաքին ազդակները տարբեր ձևերով են վերածվում ներքին հոգեվիճակաների և առաջացնում որևէ վարքագիծ: Միաժամանակ, որոշ ազդակների մարդկանց մեծ մասն արձագանքում է միանման: Այն ազդակները, որոնք հատուկ ուղղված են անձի մոտ որևէ վարքագիծ առաջացնելուն անվանում են նաև մանիպուլյացիաներ: Առավել լայն կիրառություն ունի մանիպուլյացի «Տուր և վերցրու»-ն, որի գործողության արդյունքում անձը դրսևորում է կոռուպցիոն վարքագիծ:

 

Ինչպե՞ս է գործում այն: Որպեսզի հասկանալ նախ և առաջ անհրաժեշտ է պարզաբանել՝ ինչ է անձի հոգեկանում գործող փոխհատուցման կանոնը:

 

Որպես կանոն, շատերիս հոգեբանությունում ընկած է՝ ինչ-որ մեկը, երբ ցուցաբերում է օժանդակություն մեզ, ապա մենք ակամաից պարտավորվում ենք հնարավոր հանգամանքներում, համապատասխան իրադրությունում փոխհատուցել նրան՝ ունենալով պարտավորվածության զգացողություն: Այս կանոնը գործում է թե´ մարդկային, թե´ կազմակերպությունների, թե´ պետությունների միջև փոխհարաբերություններում:

 

Դիտարկենք որոշ օրինակներ:

 

Եվրոպացի գիտնական Այբլ-Այբսֆելդն ամբողջ աշխարհին պատմեց Առաջին համաշխարհային պատերազմից գերմանացի զինվորի մասին պատմություն, ում հանձնարարված էր գաղտնիորեն մտնել ռազաճակատ և սպանել թաքնված զինվորին: Վերջինս այդ պահին հաց էր ուտում: Տեսնելով գերմանացի զինվորին՝ նա հանկարծակիի եկավ և կատարեց, երևի թե, իր կյանքի ամենակարևոր քայլը` նա իր ձեռքում գտնվող հացն առաջարկեց գերմանացի զինվորին, ում այդ պահին այնքան հուզեց զինվորի կողմից կատարված քայլը, որ չկատարեց իր հանձնարարությունը:

 

Մի շարք հանձնարարություններ, աշխատանքային պարտականություններ կարող են մնալ անկատար, երբ անձի հոգեկանում գործում է փոխհատուցման կանոնը:

 

Փոխհատուցման կանոնի գործողության այլ օրինակ` կապված պետությունների միջև հարաբերություններում:

 

1985թ–ին Մեքսիկան հատկացրել է հինգ հազար դոլար ծայրահեղ աղքատ երկիր Եթովպիային: Այդ ժամանակ Եթովպիայում հազարավոր մարդիկ մահանում էին սովից և հիվանդությունից: Հաշվի առնելով երկրում տիրող այդ իրավիճակը՝ զարմանալի չէր Մեքսիկայի կողմից ցուցաբերված օժանդակությունը: Մինչդեռ շատ զարմանալին այն էր, որ Եթովպիան, գտնվելով նման տնտեսական պայմաններում, օժանդակություն տրամադրեց Մեքսիկային, երբ այնտեղ տեղի էր ունեցել երկրաշարժ:

 

Փոխհատուցման կանոնը գործում է նաև կազմակերպությունների միջև հարաբերություններում:

 

Օրինակ` կազմակերպությանը ֆինանսավորող մարմինը, ֆինանսավորելով կազմակերպության գործունեությունը, մի օր պահանջում է կազմակերպության կողմից որևէ անօրինական գործողության կամ անգործության իրականացում:

 

Ստացվում է՝ կարելի է տալ կաշառք «օրինական» եղանակով:

 

Վերոնշյալ օրինակները ցույց են տալիս՝ անձի հոգեկանում ինչպես կարող է գործել փոխհատուցման կանոնը:

 

Փոխհատուցման կանոնն ինքնին մարդասիրական վերաբերմունք է, մինչդեռ այն կարող է դառնալ կոռուպցիա առաջացնող կարևորագույն պատճառներից, երբ այն դառնում է «տուր և վերցրու» մանիպուլյացիա:

 

Վերջինիցս օգտվում են մի շարք քաղաքացիներ, երբ պետական մարմինների մոտ այցելում են ինչ-որ նվերով, որով փորձում են ազդել՝ իրենց խնդիրներին լուծումներ տալու համար:

 

Այն դեպքում, երբ անհատն ունի հակակոռուպցիոն բարձր դիմադրողականություն, ապա նման ազդակները չեն գործի, մինչդեռ շատերը, չունենալով այն, կենթարկվեն նման ազդակների, քանի որ իսկապես դժվար է մերժել կամ տուգանել կամ մեղադրանք առաջադրել այն մարդուն, ով որևէ հարցով օժանդակել է իրեն (չմոռանանք նաև մարդկանց, ովքեր առանց որևէ դժվարությամբ կարող են այն իրականացնել)

 

Ընդ որում՝ կոռուպցիային դրդելու համար էական չէ նվերը նյութական արժեք է իրենից ներկայացնում, թե՝ ոչ:

 

Այս առումով ինչ է ամրագրել օրենսդիրը հանրային ծառայողի կամ բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից նվեր ստանալու արգելքների վերաբերյալ:

 

Հանրային ծառայողին և բարձրաստիճան պաշտոնատար անձին արգելվում է ծառայողական պարտականությունների առնչությամբ այլ անձանցից ստանալ նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ օրենսդրությաբ նախատեսված դեպքերի:

 

Համաձայն Հանրային ծառայության մասին ՀՀ Օրենքի 29 հոդվածի` հանրային ծառայողը կամ բարձրաստիճան պաշտոնատար անձը չպետք է ընդունի նվեր կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տա, որը կապված կլինի իր լիազորությունների իրականացման հետ, բացառությամբ`

 

1) պաշտոնական միջոցառումների ժամանակ սովորաբար տրվող նվերների, պարգևների և կազմակերպվող հյուրասիրության.

 

2) ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող գրքերի, համակարգչային ծրագրերի և նմանատիպ այլ նյութերի.

 

3) կրթաթոշակի, դրամաշնորհի կամ նպաստի, որ տրվել են հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքում։

 

Այս հոդվածի իմաստով «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի պաշտոնատար անձ չհանդիսացող անձի: Մինչդեռ այս հոդվածի իմաստով «նվեր» հասկացությունը մասնավորապես չի ընդգրկում կենցաղային հյուրընկալությունը, ազգականից, բարեկամից կամ ընկերոջից ստացած նվերը, եթե նվերը էությամբ և չափով ողջամտորեն համապատասխանում է միմյանց միջև հարաբերությունների բնույթին։

 

Հոդվածի երրորդ մասում նշված է` եթե վերոնշյալ երեք կետերում նշված գույքային ոչ սպառողական նվերը իր արժեքով գերազանցում է 100.000 Հայաստանի Հանրապետության դրամը, ապա`

 

1) վերադաս ունեցող հանրային ծառայողը կամ բարձրաստիճան պաշտոնատար անձն իր վերադասի համաձայնությամբ, իսկ վերադաս չունեցողն իր նախաձեռնությամբ նվերը տրամադրում է բարեգործության, կամ

 

2) այդ նվերը համարվում է համապատասխան մարմնի սեփականությունը և գույքագրվում է որպես այդպիսին:

 

Եթե վերոնշյալ երեք կետերում նշված, սակայն հոդվածի 3-րդ մասով չնախատեսված նվերն իր արժեքով գերազանցում է 100.000 Հայաստանի Հանրապետության դրամը, ապա վերադաս ունեցող հանրային ծառայողը կամ բարձրաստիճան պաշտոնատար անձն այդ մասին հայտնում է իր վերադասին:

 

Հետաքրքիր է` գործնակնում այս հոդվածի կիրառումն օժանդակում է հակակոռուպցիոն վարքագծի ձևավորմանը, թե այն սովորեցնում է անձին լինել կիսվել բարիքներով:

 

Այնուամենայնիվ, ասվածը չի նշանակում, որ որևէ նվեր նվիրելը կաշառք տալ է, ասվածը նշանակում է, որ նվերն անհրաժեշտ է նվիրել առանց փոխարենը վերցնելով և պահանջելով, հակառակ դեպքում, այն նվիրատվություն չի համարվի: Վերջինս իր ամրագրումն է ստացել նաև ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում, համաձայն որի՝ գույքի կամ իրավունքի հանդիպական հանձնման կամ հանդիպական պարտավորության առկայության դեպքում պայմանագիրը նվիրատվություն չի համարվում:

 

Ասվածը նաև չի նշանակում, որ նվերներ պետք չէ ընդունել, ասվածը նպատակ է հետապնդում իրազեկել գիտակցության վրա ազդող այս ազդեցության վերաբերյալ, ինչը հաճախ դրդում է անձին դրսևորել կոռուպցիոն վարքագիծ: Կան մարդիկ, ովքեր ունենալով հակակոռուպցիոն կայունություն չեն ենթարկվի մանիպուլյացիաների, իսկ որոշ մարդիկ իրազեկվելով և համապատասխան թրեյնինգների միջոցով ձեռք կբերեն այն, իսկ որոշ մարդիկ…

 

Ինչևէ, ‹‹տուր և վերցրու›› հոգեբանական մանիպուլյացիան կարող է գործել անկախ նվերի արժեքից, եթե այն իրականացնում են առանձնահատուկ մոտեցումներով` ձեռքի հմտություն )

 

Նշենք նաև, որ այս մանիպուլյացիան մարդու վրա ազդում է գրեթե ամենուր, որից օգտվում են նաև ժամանացի վայրերում աշխատող մատուցողները, երբ հաշիվը ներկայացնում են ինչ-որ կոնֆետով կամ մաստակով: Վերջիններս շատ ավելի են մեծացնում թեյավճարի չափերը…

 

Շարունակելի…

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *