ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Բլոգ

Երբ արդարությունը յոթ սարի ետևում է

27.11.2012

Արդարադատության մատչելիությունը հանդիսանում է արդար դատաքննության տարրերից մեկը: Մեր երկրում իրականացվող դատաիրավական համակարգի բարեփոխումների նպատակը արդարադատության որակի բարելավումն է: Յուրաքանչյուրի դատարան դիմելու Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված նորմը բավարար չէ գործնականում դատարանի մատչելիությունը ապահովելու համար:

 

Օրենքներց զատ անհրաժեշտ են իրականացնել կազմակերպչաիրավական միջոցառումներ, դատարանի մատչելիությունը գործնականում ապահովելու համար: Արդարադատության մատչելիության կարևոր բաղադրիչ է նաև ֆինանսական բաղադրիչը, ինչը իր մեջ ներառում է ինչպես իրավաբանական օգնությունն ու պարտադիր վճարները, այնպես էլ տրանսպորտային ծախսերը:

 

2008 թվականից Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել և գործում է վարչական դատարանը, որն ըստ էության քննում է հանրային իարավահարաբերություններից բխող վեճեր: Ի տարբերություն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների, որոնք բոլոր մարզերում ունեն մի քանի նստավայրեր, վարչական դատարանը ունի յոթ նստավայր, որոնցից մեկը Երևան քաղաքում, վեցը մարզերում:

Ըստ էության, մարզերում տեղաբաշխված վարչական դատարանի մեկ նստավայրը սպասարկում է երկու մարզ: Մասնավորապես վարչական դատարանի Սևանի նստավայրը սպասարկում է Գեղարքունիքի և Տավուշի մարզերը: Հասկանալի է, որ վարչական դատարանի նստավայրերի այսպիսի բաշխման համար կան հիմնավորումներ, սակայն որքան էլ դրանք համոզիչ լինեն, փաստ է, որ առկա իրավիճակում բազմաթիվ շարքային քաղաքացիների համար վարչական դատարանը դառնում է ոչ մատչելի:

Տավուշի մարզը չունի ուղիղ տրանսպորտային հաղորդակցություն Գեղարքունիքի մարզի հետ: Սա նշանակում է, որ դատական ծախսերը արհեստականորեն բազմապատկվում են, ինչը կասկածի տակ է դնում դատական պաշտպանության իրավունքից օգտվելու արդյունավետությունը: Երբ արդարությունը բառի բուն իմաստով յոթ սարի ետևում է և դադարում է իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոց լինել, գործում են արդարության հասնելու մատչելի ու «ավանդական»` կոռուպցիոն մեխանիզմները: Մնում է որոշել առաջնահերթությունը, ֆինանսական միջոցների տնտեսո՞ւմ, թե՞արդարադատության մատչելիություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *