ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Բլոգ

Ինչպե՞ս մուլտֆիլմները, համակարգչային խաղերը կարող են «ծրագրավորել» երեխաներին

09.01.2013

Շատ վաղ ժամանակներում մի հնդիկ ծերուկ պատմել է իր թոռնիկին կյանքի մի ճշմարտություն: Նա ասել է, որ յուրաքանչյուր մարդու մեջ տեղի է ունենում  պայքար, որ նման է երկու գայլերի միջև տեղի ունեցող պայքարին:
 

Մի գայլը ներկայացնում է չարը՝ նախանձություն, խանդ, ափսոսանք, եսասիրություն,  սուտ, մյուս գայլը բարին՝ խաղաղություն, սեր, հույս, մարդասիրություն, հավատարմություն:

Փոքրիկ հնդիկը, ով շատ ոգեշնչված է եղել իր պապիկի պատմությամբ, մի քանի րոպե մտածելուց հետո հարցրել է.

– Ի վերջո, ո՞ր գայլն է հաղթում,- ծերուկը ժպտալով  պատասխանել է.

– Հիշիր միշտ հաղթում է այն գայլը, ում Դու կերակրում ես:

Շարունակելով խոսել գիտակցության վրա ազդեցության միջոցների վերաբերյալ` հնարավոր չէ չանրադառնալ այն ազդակներին, որոնք ծրագրավորում են անձի վարքը և ղեկավարում այն:

Վերջիններս առավել վտանգավոր են դառնում, երբ թիրախավորում  են  երեխաներին:

Երեխաները, լինելով առավել խոցելի սոցիալական խումբ, հեշտորեն կարող են ենթարկվել այսպես ասած ‹‹հոգեբանական ծրագրերի››, որոնք ակամայից  կթելադրեն իրենց գաղափարները` արմատավորվելով, ինչպես անգիտակցականի, ենթագիտակցականի, այնպես էլ գիտակցականի մեջ և որոնք էլ ամբողջ կյանքում կուղեկցեն մարդուն:

Այս առումով, ‹‹հոգեբանական ծրագիր›› ասելով, հասկանանք  այն գաղափարի  ուսուցումը, որն անձի մոտ կարող է առաջացնել այս կամ այն վարքագիծը: Հեքիաթները, մուլտֆիլմները, որպես կանոն,  ունենում են նմանատիպ ուսուցողական նպատակ: Մասնավորապես հակակոռուպցիոն վարքագիծ ձևավորելու գործում  մեծ է  դերը սովետական մուլտֆիլմերի:

Օրինակ` Վիննի Թուխը, երբ չափից շատ համտեսեց մեղր չկարողացավ դուրս գալ տնակից,

իսկ «Ոսկե Անտիլոպը» մուլտֆիլմում երկրի ղեկավարի վերջը բարի չէր, քանի որ նա այնքան էր սիրում հարստություն, ոսկի, որ ի վերջո իր անկշտությունից  խեղդվեց:

Ինչպե՞ս են նշված մուլտֆիլմները  երեխաների մոտ արմատավորում հակակոռուպցիոն ոգի:

Վերջինիս իրականացման համար ինչպես արդեն նշել ենք (կարդալ Հակակոռուպցիոն վարքագծի ձևավորումը Մաս I) պետք է բավարարված լինեն անձի կենսաբանական և անվտանգության պահանջմունքները: Կենսաբանականը, լինելով առաջինը պետք է լինի բավարարված, որ ակտիվանա մյուս պահանջմունը` անվտանգ լինելու պահանջմունքը, այնն էլ պետք է լինի բավարարված, որ առաջանա օրենքը հարգելու և պահպանելու պահանջմունքը, քանի որ մինչ վերջիններս չբավարարվեն մարդ չի ցուցաբերի հակակոռուպցիոն վարքագիծ:

Կարող է հարց առաջանալ` եթե մարդու կենսաբանական պահանջմունքներն այնքան շատ են, որ  երբեք չի բավարարվի, այդ դեպքում ի՞նչ կլինի:

Հարցի պատասխանը միանշանակ պարզ է. նման մարդիկ երբևէ չեն ունենա հակակոռուպցիոն վարքագիծ, քանի որ կենսաբանական պահանջմունքներն այնքան շատ են, որ չեն բավարարվի, բնականաբար արդեն ի հայտ չեն գա մյուս պահանջմունքները:

Ելնելով վերոգրյալից արդեն կարող ենք ասել՝ ինչ մեխանիզմով նշված մուլտֆիլմները ձևավորում են երեխայի ոգում  հակակոռուպցիոն կայունություն. նրանք, տեսնելով Վիննի Թուխի և թագավորի կեսաբանական պահանջմունքների անբավարար լինելը և վերջինիս  հետևանքները` սովորում և ակամայից ծրագրում են իրենց` ունենալ ողջամիտ չափով կենասբանական պահանջմունքներ, ինչն էլ համապատասխան պահանջմունքների տեսության խթան կհանդիսանա, ինչպես դառնալ ինքնաակտուալիզացված, այպես էլ ունենալ հակակոռուպցիոն վարքագիծ:

Ներկայումս որոշ մուլտֆիմներին ականատես լինելով հասկանում ենք, որ իրենցում կարող են պարունակել հակառակ ուսուցողական ծրագրեր:

Գրեթե բոլոր երեխաները դիտել են  «Մաշան և Արջը» մուլտֆիլմը, որտեղ գարնան գալուստի պես արջը սիրահարվում է և փորձում  շահել իր  սիրեցյալ արջուկի սիրտը:

Ի՞նչ է անում  արջը, նախ գեղեցկանում է, այնուհետև վերցնում է կոնֆետի տուփը,  ծաղիկներ  և  գնում իր սիրեցյալի մոտ: Սակայն Մաշան ճանապարհին գրեթե բոլոր կոնֆետներն ուտում է:

Հասնելուն պես՝ չունենալով կոնֆետներ, արջը սկսում է ցուցադրել իր ուժային կարողությունները, որի միջոցով հաջողվում է որոշ չափով գրավել սիրեցյալի սիրտը, իսկ երբ նվիրում է ծաղիկ, ապա այդ պահին լիովին «շահում է» սիրտը և անգամ արժանանում համբույրի:

Ստացվում է՝ որևէ բան տալով, կամ ուժային կարողությունները ցուցադրելով արջը հասավ արդյունքի, ինչը դիտող երեխաների անգիտակցական դաշտում մնալով կառաջացնի նմանատիպ վարքագիծ, որը և բնորոշ է կոռուպցիոն վարքագծին՝ նպատակին հասնելու համար նվիրել որևէ բան կամ ցուցադրել «ուժային կարողությունները»:

Մինչդեռ ամենավտանգավոր կոռուպցիոն վարքագիծ առաջացնող դրվագը վերջում է, երբ սիրահարված զույգերը միասին ժպտալով նստած են լինում, այդ պահին գալիս է մեկ այլ արջ, ով ի տարբերություն մյուս արջի ավելի ուժեղ է՝ ունենում է կոնֆետներ և ավելի գեղեցիկ ծաղիկներ, որով փորձում է շահել արջի սիրեցյալի սիրտը և ստացվում է: Արջուկը հեռանում է արջից՝ գնալով մյուս արջի հետ:

Իրականացրել ենք հետազոտություն երեխաների շրջանակներում. տվյալ մուլտֆիլմի ցուցադրումից հետո առանձին զրուցել ենք երեխաների հետ՝  պարզելու համար, թե ինչ են ընկալել երեխաները՝ ինչու՞ գնաց մյուս արջի հետ:

Մի մասը պատասխանեց, որ նրա կոնֆետները, ծաղկեփունջն ավելի լավն էր, իսկ մի մյուս մասն էլ ասացին՝ քանի որ Մաշան կերել էր բոլոր կոնֆետներն արջի:

Արդյունքում նույն հասկացողությունը՝ «կոռուպցիոն ընկալում»:

Իրականում հնարավոր է, որ մուլտֆիլմում այս իմաստը չի դրված, այլ հակառակը,  սակայն  հետազոտությունները ցույց են տվել, որ երեխաները չեն ընկալել մեծահասակների նման և պատճառը, որքանով որ հետազոտությունը ցույց են տվել, այն էր, որ արջը բավական երկար ժամանակ էր պայքարում, որ կոնֆետներով գնա իր սիրեցյալի մոտ:

Հետազոտությունների արդյունքում խորհուրդ ենք տալիս տվյալ և նմանատիպ մուլտֆիլմների առաջին դիտման ժամանակ լինել երեխայի կողքին և կատարել մեկնաբանություններ:

Ի դեպ հաճախ մենք ինքներս ենք ուսուցանում երեխաներին կոռուպցիայի, օրինակ խոստանում երեխային կոնֆետ՝ փոխարենը պահանջելով որևէ բան:

Մուլտֆիլմների կողքին չառանձնացնենք նաև համակարգչային խաղերը:

Վերջերս  երեկոյան որոշեցի խաղալ համակարգչային որևէ խաղ և միացրեցի առաջին իսկ պատահածը:

Սկզբում շատ հետաքրքիր էր ամենը, այնքան ընկղմվեցի խաղին, որ չհասկացա` ինչպես ժամանակն անցավ, սակայն, երբ պարտվեցի` չկարողանալով հաղթել վիրտուալ մրցակցիս, հասկացա ամենավտանգավորը` ինչպես նման խաղերը կարող են ձևավորել երեխաների (և ոչ միայն) ոգում կոռուպցիոն և հանցավոր վարքագիծ:

Ի՞նչպես:

Համակարգչային խաղերի զգալի մասը գործում է հետևյալ ծրագրով` որքան շատ խաղացողը  սպանի, պայթեցնի  մարդկանց` լինեն սովորական մարդու կերպարով, թե ռոբոտի, այնքան ավելի հզոր կդառնա` հավաքելով միավորներ կամ էլ ավելացնելով ուժերը:

Նման խաղեր խաղացող անձը` տվյալ պահին ես,  խաղալով  ինձ զգացի ահաբեկիչ, հանցագործ և «կոռուպցիոներ» (ճիշտ է ոչ սկզբում), քանի որ որքան շատ էի պայթեցնում փոքրիկ մարդուկներին այնքան շատ էին հզորացնում իմ միավորները և ուժերը, անգամ ստանում էր այսպես ասած ‹‹կյանքեր››:

Առավել դաժան է լինում, երբ ամբողջ  համակարգչի մոնիտորը պատվում է արյունով:

Կարծում եմ այն տիպիկ հանցավոր և կոռուպցիոն վարքագիծ ձևավորելու համար ուսուցման հիանալի ծրագիր է:

Որքան շատ է անձը  վնասում այլ մարդկանց իրավունքները, խախտում և շրջանցում օրենքները, այնքան շատ է նա հարստանում, իրական կյանքում ոչ միավորներով, այլ նյութապես:

Երեխաները, խաղալով նման խաղեր, արմատավորում են անգիտակցականում համապատասխան ծրագիրը, իսկ մեծանալով` համապատասխան իրադրությունում այն իրականանացնում` իդենտիֆիկացման մեթոդով, քանի որ գոյություն ունեն ազդակներ, որոնք գիտակցության կողմից չեն ընկալվում որպես այդպիսին, սակայն համապատասխան իրադրությունում կարող են ազդել ենթագիտակցության վրա և ուղղորդել անձի վարքը:

Արդյունքում, շատ մեծ է դառնում հավանականությունը, որ անձն կդրսևորի կոռուպցիոն և հանցավոր վարքագիծ:

Նման  ծրագրերից հեռու չեն նաև չափահաս անձիք:

Օրինակ` խոսելով սովետական մուլտֆիլմների վերաբերյալ, չմոռանանք նշել նաև ֆիլմերը:

Բոլորս միանշանակ հասկանում ենք, որքան կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ մարմինների հետ համագործակցող, հանցագործության վերաբերյալ հաղորդում տվող անձանց դերը:

Ոստի նման անձանց և վարքագծի վերաբերյալ հասարակության մեջ ձևավորված է բացասական կարծրատիպեր, որոնց ամրապնդման գործում ներդրում ունեն նաև ներկայիս ժամանակներում ցուցադրված ֆիլմերը:

Օրինակ`  ‹‹Yere1›› հեռուստասերիալում ‹‹Լորիս››-ի կերպարը չէր ընկալվում, որպես դրական կերպար հասարակության կողմից, մինչդեռ, եթե կրկին հիշենք սովետական ֆիլմերից՝ ‹‹Հաջողության ջենթլմենները››, ապա կհասկանանք, որ իրավապահ մարմինների հետ համագործակցող, հանցագործության վերաբերյալ հաղորդում տվող անձիք, ներկայացվում են որպես դրական կերպարներ, ավելին` կարելի է ասել նաև ‹‹հերոսներ››:

Նշենք նաև՝ չափազանց կարևոր է հաշվի առնել երեխաների տարիքը՝ մուլտֆիլմների, հեքիաթների ընտրության հարցում:

Օրինակ՝ բոլորս կարդացել ենք Մեծն Հ. Թումանյանի ‹‹Սուտասանը››, որտեղ թագավորն իր երկրումը հայտնում է.

«Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորթյան կեսը կտամ նրան»:

Եթե այն երեխային պատմել վաղ տարիքում, ապա  կարող է երեխայի կողմից ընկալվել ոչ ճիշտ, մասնավորապես նա չի ընկալի, որ տվյալ դեպքում սուտ խոսելը ներկայացվում է սրամտություն, այլ կհասկանա՝ արարք, որի համար պարգևատրվում են թագավորության մի մասով, ինչը կրկին կարող է ձևավորել կոռուպցիոն վարքագիծ, քանի որ կոռուպցիոն վարքագիծ ունեցող անձին բնորոշ է ստելը, որի արդյունքում նա  ‹‹պարգևատրվում է››:

Ամփոփելով հոգեբանության տեսանկյունից այս անգամ առանձնացված ազդակների պատճառներով առաջացող հնարավորինս կոռուպցիոն ռիսկերը՝ նշենք, որ  այս առումով կոռուպցիայի դեմ պայքարում անհրաժեշտ է պետության աջակցությունը, մասնավորապես համապատասխան փորձաքննության միջոցով որոշել նաև հեռարձակվող ֆիլմերի, մուլտֆիլմների հանցածին, մասնավորապես կոռուպցիոն վարքագիծ առաջացնող ազդակները, ինչպես նաև հնարավորինս չափով արգելել այն հեռարձակել` փոխարինելով հակակոռուպցիոն ուսուցմամբ լեցուն ծրագրերով, ֆիլմերով, մուլտֆիլմներով, հեքիաթներով:

Միաժամանակ կոչ եմ անում ծնողներին ապակոդավորել ցանկացած խաղերի, մուլտֆիլմների, անգամ խաղալիքների իրական ծրագրերը` մինչ երեխաներին դրանցում ներգրավելը, ինչպես նաև մենք ինքներս` ցանկացած ֆիլմերի և խաղերի չնայենք անզեն աչքերով, ավելին` լավ կլիներ չնայել ընդհանրապես, ինչպես մեզ կհուշեր երկու գայլերի վերաբերյալ առակը՝   չսնենք մեզ նման ազդակներով…

Այս նյութը Մաս V–րդն է  «Հակակոռուպցիոն վարքագծի ձևավորումը» թեմայի

Շարունակելի…

One response to “Ինչպե՞ս մուլտֆիլմները, համակարգչային խաղերը կարող են «ծրագրավորել» երեխաներին”

  1. Anahit says:

    Zara jan kardaci wu aveli si8eci qez, apres,: Xachiki horaquyr Anahit

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *