Միջոցառումների տարեգիր

Տեղեկագիր


Փետրվար 2010թ.

 

Հակակոռուպցիոն միջազգային օրը Գեղարքունիքում

Գեղարքունիքի ՇՊԱԿ-ը լայնածավալ գործունեություն է իրականացնում  կոռուպցիայի երևույթի վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացման ուղղությամբ: Վերջինիս շրջանակներում 2009թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին մարզի բոլոր դպրոցների 9-11-րդ դասարանի աշակերտների շրջանում կազմակերպվեց և անցկացվեց շարադրությունների մրցույթ` «Կոռուպցիան իմ միջավայրում. ինչ կարող եմ անել ես» թեմայով: Աշակերտների ակտիվ մասնակցության արդյունքում 54 դպրոցներից ստացվեցին մոտ 400 շարադրություններ, որոնցից, տարբեր հանձնաժողովների կողմից ստուգվելուց հետո, ընտրվեցին 12 լավագույնները` յուրաքանչյուր դասարանից երեքական` զբաղեցնելով առաջին, երկրորդ և երրորդ մրցանակային տեղեր:

Բացի մրցութային տեղերից, սահմանվել էին նաև երեք անվանակարգեր` «Լավագույն ստեղծագործական և վերլուծական շարադրություն», «Սեփական դերի կարևորում», «Ոճականորեն ամենաարտահայտիչ շարադրություն»: 

Դեկտեմբերի 9-ին` ՄԱԿ-ի կողմից հռչակված միջազգային հակակոռուպցիոն օրվա կապակցությամբ ՇՊԱԿ-ում կազմակերպվեց միջոցառում, որի ընթացքում հաղթող մասնակիցներին շնորհվեցին պատվոգրեր ու մրցանակներ: Միջոցառմանը մասնակցում էին հաղթող աշակերտները, նրանց դպրոցների տնօրենները, միջոցառման կազմակերպմանն աջակցող կառույցների ներկայացուցիչները, ԶԼՄ-ների  ներկայացուցիչները:

Մրցանակային ֆոնդում իրենց ներդրումն էին ունեցել Վորլդ Վիժն կազմակերպության Գավառի տարածքային գրասենյակը, Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիրը: